ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Հիլիարդ» անսամբլի և Յան Գարբարեկի երկխոսությունը՝ դարերի երկխոսություն

«Հիլիարդ» անսամբլի և Յան Գարբարեկի  երկխոսությունը՝ դարերի երկխոսություն
07.03.2017 | 08:54

Դարձյալ հիշենք Թոմաս Էլիոթի այն միտքը, թե տարբեր ժամանակների արվեստագետները մի հոգևոր ընտանիքի անդամներ են: Հիրավի, նրանց միջև պարբերաբար տեղի է ունենում «երկխոսություն», և ինչպես հայտնի երգում է ասվում. «Եվ կարճվում են ճամփաները ձիգ ու մոլոր, երբ երգում է բարեկամդ հեռավոր»: Նման երկխոսության նմուշները հայտնի են վաղուց, ընդ որում` և՛ հեռու, և՛ մոտիկ, և՛ հայտնի, և՛ անհայտ արվեստակիցների միջև: Մի կոմպոզիտորի երկձայն կամ եռաձայն որևէ ստեղծագործությանը մեկ այլ հեղինակ ավելացնում է իր հորինած ձայնը, մեղեդիական գիծը: Օրինակ, Կոմիտաս կաթողիկոսի «Անձինք նուիրեալք» շարականը, որի մեղեդուն 13 դար անց Կոմիտաս վարդապետը գումարել է ևս երկու ձայն և վերածել խմբերգի: Նման օրինակները շատ են, անշուշտ, ոչ միայն հայ արվեստում: Վաղագույն օրինակներ է բերում երաժշտագետ Նատալյա Սիմակովան «Վերածննդի շրջանի վոկալ ժանրեր» գրքում: Անդրադառնալով 16-րդ դարի ֆրանսիացի կոմպոզիտորներին՝ նա գրում է. «Վառ օրինակ է Կլոդ լը Ժենի «Գարուն» ժողովածուն՝ նվիրված սիրո և գարնան գովերգությանը: Այն ընդգրկում է նաև Կլեման Ժանեկենի «Արտույտը» և «Սոխակը» երգերը, որոնց լը Ժենը գումարել է 5-րդ ձայնը և կցել է մի քանի նոր հորինված դրվագներ»: Ի դեպ, դարեր անց, 1949 թվականին, Օլիվիե Մեսիանը իր «Հինգ դայլայլներ» երգաշարում «Գարուն» ժողովածուից օգտագործել է որոշ հատվածներ: Երկխոսություն կարելի է համարել պարզապես այն, երբ մի հեղինակ մյուսի թեմայի հիման վրա կերտում է իր ստեղծագործությունը, ենթարկում վարիացիաների, իմպրովիզացիայի և այլ փոխակերպումների:


Այդպիսի երկխոսության լավագույն օրինակներից է աշխարհահռչակ «Հիլիարդ» անսամբլի և անվանի սաքսոֆոնահար Յան Գարբարեկի «երկխոսությունը»: Ի դեպ, անգլիական «Հիլիարդ» անսամբլն իրավամբ կարելի է համարել Հայաստանի բարեկամ, քանզի ի՞նչ կա ավելի ամուր, նվիրական, քան մշակութային, հոգևոր կապերը: Դեռ 2004 թ. Սաղմոսավանքում երգիչները ձայնագրեցին մի շարք նմուշներ հայ հոգևոր երգարվեստի գանձարանից: «Հիլիարդը» այն եզակի անսամբլն է, որը երգել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի եկեղեցում: Նրանք երգել են նաև Գեղարդավանքում, զարմացել նրա ակուստիկայում: «Հիլիարդի» արվեստն ըստ արժանվույն գնահատել են Էդվարդ Միրզոյանը, Ալեքսանդր Հարությունյանը և այլք: Որպես այդ բարեկամության առհավատչյա, կարելի է նշել նաև Տիգրան Մանսուրյանի «Հաւատով խոստովանիմ» աղոթաշարը (ըստ Ներսես Շնորհալու), որը «Հիլիարդը» ձայնագրել է անվանի ալտահարուհի Քիմ Քաշքաշյանի նվագակցությամբ:


Դառնալով «Հիլիարդի» և Գարբարեկի երկխոսությանը, նշենք, որ այն դարերի երկխոսություն է, եթե նկատի առնենք, որ անսամբլի կողմից կատարվող միջնադարյան խմբերգերին սաքսոֆոնահարը գումարում է իր իմպրովիզացիաները, զարդագոտու պես պարուրելով այդ խմբերգերը: Տեղի են ունենում հնագույն գործերի վերաիմաստավորում, մի նոր մեկնաբանություն, մշակույթների փոխներթափանցում, ինչը վկայում է արվեստի հարատևությունը, հոգևոր հավերժությունը: Այդպես էր 1994 թվականին Քեմբրիջի քոլեջի Հիսուսի կապելլայում տեղի ունեցած «Հիլիարդ» անսամբլի և Յան Գարբարեկի համատեղ համերգում, որտեղ նրանք կատարեցին Քրիստոբալ Մորալեսի, Պիեռ դը լա Ռյուի, Պերոտինուս Մեծի, Գիյոմ Դյուֆայիի և այլոց խմբերգերը:


Հատկանշական է, որ, օրինակ, Քրիստոբալ Մորալեսի «Ողորմեա ինձ, Աստուած» խմբերգն ամեն անգամ կատարելիս սաքսոֆոնահարն այն նվագակցում է մի նոր իմպրովիզացիայով: Հիշեցնենք հեղինակի կենսագրությունը: Իսպանացի կոմպոզիտոր Քրիստոբալ Մորալեսը ապրել և ստեղծագործել է 16-րդ դարում (ծնվել է 1500 թ. Սևիլիայում, վախճանվել 1553 թ.՝ Մալագայում): Նա ծառայել է Հռոմի պապի կապելլայում՝ որպես երգիչ. եղել է կապելմայստեր Տոլեդոյում, Մալագայում: Ստեղծել է 23 մեսսա, 8 մագնիֆիկատ (ըստ 8 ձայների), 2 ռեքվիեմ (մեկը՝ հնգաձայն), 2 մեսսա՝ ըստ «Զինված մարդ» (L’Homme Arme) շանսոնի: Նրա գրչին են պատկանում նաև 80 քառաձայն մոտետ՝ տարբեր տեքստերով՝ միաժամանակյա երգվող խմբերգեր: Մորալեսը Ժոսկենի հետևորդն էր պոլիֆոնիայի, բազմաձայն ոճի առումով: Մինչդեռ «Երեմիայի ողբը» Մորալեսը գրել է հոմոֆոն տեխնիկայով, հիմք դնելով մի ոճի, որտեղ, ի տարբերություն պոլիֆոնիայի, բազմաձայն հյուսվածքում վերևի ձայնը հետզհետե դառնում է գլխավոր, գերիշխող: Վերադառնալով «Ողորմեա ինձ, Աստուած» խմբերգին, նշենք, որ այն գրված է Հոբի գրքի 7-րդ գլխի, 16-21 համարների հիման վրա. ահավասիկ այդ դրվագը.


Քանի որ յաւիտեան չեմ ապրի,
թող որ ես համբերող միշտ
լինեմ:
Հեռո՜ւ կաց դու ինձնից, քանի որ
իզուր է կեանքը իմ:
Եւ ի՞նչ է մարդը, որ դու այդքան
մեծարել ես նրան
կամ էլ՝ որ միտքդ ես սեւեռում
իր վրայ,
կամ էլ՝ որ քննում ես նրան մինչ
առավօտ, հանգստի ժամերին,
փորձում միշտ:
Մինչեւ ե՞րբ դու ինձ չես
թողնելու,
արձակելու չես ինձ, մինչեւ
որ ցաւերով
կուլ տամ ես լորձունքս:
Թէ ես մեղք գործեցի՝ ի՞նչ կարող
եմ անել
քեզ, որ միտքն ես մարդկանց
քննում միշտ:
Ինչո՞ւ ես ինձ դարձրել քեզ
ոսոխ,
որ լինեմ քեզ համար ես մի բեռ:
Ինչո՞ւ չես ներել դու յանցանք
ներս,
չես թողել մեղքերն իմ:
Եւ ահա երկիր եմ դառնում ես
շատ կանուխ, այլեւս չեմ լինի:


Ամփոփելով նշենք, որ ունկնդրելով և ընթերցելով աստվածաշունչ երաժշտությունը և խոսքը, մենք ևս դառնում ենք այդ դարավոր երկխոսության մասնակիցն ու մեկ քայլ ևս մոտենում հավերժին:


Դանիել ԵՐԱԺԻՇՏ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 11700

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ